ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասան Վլադիմիր Սիմոնովը:
Արտիստի մահվան պատճառը զարկերակային գերճնշման ֆոնին զարգացող քրոնիկ հիվանդությունն էր։ Մշտական ծանրաբեռնվածության հետևանքով սիրտ-անոթային համակարգի աշխատանքը խաթարվել է։
«Mash» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ` չնայած հիվանդությանը, Սիմոնովը ակտիվորեն պատրաստվում էր ներկայացումներին. նոյեմբերի 12-ին նա պետք է ելույթ ունենար «Պատերազմ և խաղաղություն» ներկայացմանը:
Վախթանգովի թատերախմբում Սիմոնովը խաղացել է ավելի քան 20 ներկայացումներում, այդ թվում՝ «Արքայադուստր Տուրանդոտ», «Օթելլո», «Եվգենի Օնեգին», «Քեռի Վանյա»:
Արտիստն արժանացել է բազմաթիվ թատերական մրցանակների, այդ թվում՝ երեք «Чайка»-ների (ռուսաստանյան ոչ պաշտոնական թատերական մրցանակ-խմբ.)։ Նա նաև ավելի քան 150 դեր է խաղացել կինոյում։ Սիմոնովը նկարահանվել է «Սահման. Տայգայի սիրավեպ», «Կամենսկայա», «Դյատլովի լեռնանցքը», «Չեռնոբիլ», «Խոհանոց»:
Սիմոնովը 2001-ին ստացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում, 2018-ին պարգևատրվել է Բարեկամության, իսկ 2025-ին՝ Պատվո շքանշաններով: