ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Տասներեք հայկական ընկերություններ Շանհայում մասնակցում են Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին (CIIE)։ Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Հայաստանի տաղավարում ներկայացված են աղբյուրի ջուր, կոնյակ, խաղողի և նռան գինիներ, թեյ, մեղր, ինչպես նաև մետաքսե թաշկինակներ, գոբելեններ և այլ ձեռագործ աշխատանքներ:
«Հայկական հողը բերրի է և վաղուց հայտնի է իր գյուղատնտեսական արտադրանքով։ Լինելով խաղողագործության հնագույն շրջաններից մեկը՝ Հայաստանն ունի յուրահատուկ կլիմա և գինեգործության դարավոր ավանդույթներ, ինչը հիմք է ստեղծել բարձրորակ կոնյակի արտադրության համար», - նշում է Սինհուան։
Հայ մասնակիցներին չինացի գործընկերների հետ հաղորդակցվելու հարցում օգնում է հայ-չինական հարաբերությունների զարգացման կենտրոնի փոխնախագահ Դավիթ Մխիթարյանը, որը տիրապետում է չինարենին:
«Լեռնաշխարհն ու արևի առատությունը հատկապես քաղցրացնում են հայկական խաղողը։ Մաքուր լեռնային ջրի հետ համատեղ սա մեր կոնյակին տալիս է անկրկնելի համ և երանգների հարստություն»,- ընդգծել է Մխիթարյանը։
Նա հիշեցրել է, որ 2018-ին CIIE-ի առաջին ցուցահանդեսից հետո դրան մասնակցած գրեթե բոլոր հայկական ընկերությունները ստացել են համագործակցության պատվերներ կամ առաջարկներ: Սակայն, նրա խոսքով, հայկական արտադրանքը դեռևս շատ փոքր տեղ է զբաղեցնում չինական շուկայում։
«Շատ չինացի սպառողներ գուցե նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, էլ չեմ ասում մեր ավանդական ապրանքների մասին», - հավելել է նա։
Մխիթարյանի խոսքով՝ CIIE ցուցահանդեսը մեծ հնարավորություններ է բացում չինական շուկա դուրս գալու և հայկական բրենդների ճանաչելիությունը բարձրացնելու համար: Դրան նպաստում է նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը. օգոստոսին Հայաստանն ու Չինաստանը պաշտոնապես հաստատել են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, իսկ երկրների միջև առևտրաշրջանառությունը կայուն աճում է:
2024-ին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը հասել է 2,825 մլրդ դոլարի, որից 1,088 մլրդ դոլարը բաժին է ընկել հայկական արտահանմանը։ Ընդ որում, մատակարարումների շուրջ 97 տոկոսը կազմել են հումքային ապրանքները՝ պղնձի և մոլիբդենի խտանյութերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված կիսաֆաբրիկատները: Ծխախոտի արտահանումը կազմել է 5,9 մլն դոլար, կոնյակի արտահանումը՝ 1,45 մլն դոլար, գինու արտահանումը՝ 84 հազար դոլար։