Վարդան Ղուկասյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը. Արխիվային լուսանկար
Փաստաբանները դիմումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, սակայն մինչ օրս պատասխան չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը։
Ավելի վաղ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, բայց նրան շարունակում են ապօրինի ու անհիմն կալանքի տակ պահել։ Հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել էր նոր որոշում, որով Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։ Պաշտպանական խումբն այս որոշումը ստացել էր միայն հոկտեմբերի 29-ին։
«Մինչ օրս մեր բոլոր դիմումները՝ թե՛ ՄԻՊ-ին, թե՛գլխավոր դատախազություն, անպատասխան են մնացել։ Դրան զուգահեռ վատթարանում է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ Այս երկու հանգամանքով պայմանավորված այսօր նաև միջնորդություն ենք ներկայացրել, որ դատարանը վերացնի խափանման միջոց կալանքը»,- նշեց նա։
Հայրապետյանը հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանին այսօր վաղ առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Հավելեց՝ չի կարող ասել, թե Ղուկասյանի առողջական վիճակն այս պահին կայունացած է։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել ենհիվանդանոց։ Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքարային դիաբետ ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։