Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
Գործի շրջանակում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008–2014 թթ. կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Իշխանամետ աղբյուրների տվյալներով` ձերբակալվածների մեջ է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Գործի շրջանակում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 7 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է նաև կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։