ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին առնչվող քրեական վարույթով ձերբակալվածների թիվը հասել է 9-ի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ»,- գրել է Ավդալյանը։
Նա նաև հայտնել է, որ բոլոր 9 անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008–2014 թթ. կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ, որոնց թվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Ավելի ուշ Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է նաև կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
2024թ․ հունիսի 15-ին տնային կալանքի ժամկետն ավարտվեց, և վերացվեցին բոլոր սահմանափակումները։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։