ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը փոխվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Այսուհետև Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,-ասել է նա:
Մելիքյանը հայտնել է նաև, որ արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ավարտել է կարիերան Հայաստանի հավաքականում:
«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել իր կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի նրա կարիքը։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ նա ասաց, որ ունի ընտանեկան խնդիրներ և այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»,-ասել է հավաքականի մարզիչը։
Մելիքյանը հայտնել է նաև, որ խոսել է հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն դեռ չի հանդիպել նրան:
«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որին բոլորը կերազեն ունենալ իրենց հավաքականում, ցանկացած ազգ կուզենա ունենալ։ Ես խոսել եմ նրա հետ, բայց չեմ հանդիպել։ Կհանդիպեմ և ցանկացած պարագայում կհարգեմ նրա որոշումը՝ և՛ գալու, և՛ չգալու դեպքում»,-ասել է Եղիշե Մելիքյանը։
Նշենք, որ սեպտեմբերին Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Իտալիա և անձամբ հանդիպել ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Հենրիխ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին: Հայաստանի հավաքականի նախկին ավագն ընդգծել էր, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա: