Ակնհայտ անարդար դատական ակտ էր. պաշտպանը` Միքայել սրբազանի գործով դատավորի որոշման մասին

Փաստաբան Երեմ Սարգսյանն ակնհայտ անարդար դատական ակտ է որակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացրած որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ահազանգում է` գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանն ապօրինություններ է իրականացնում։ Այս մասին Սարգսյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ինչպես հայտնել ենք, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3–ին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

«Դատաքննության ընթացքում մենք պնդում էինք, որ անկախ որևէ ապացույցից ու անկախ գործում առկա կոպտագույն խախտումներից, միևնույն է` Միքայել սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր է ճանաչելու սրբազանին այդ շինծու մեղադրանքով։ Ակնհայտ ապացույցներից է, որ մենք դատարանում հիմնավորել էինք՝ քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է եղել։ Դա քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղակի հիմք էր,և այդպիսի միջնորդություն ներկայացրինք դատարանին։ Միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց` նշելով, թե դրա մասով էական հանգամանքներ պետք է պարզի ապացույցների հետազոտման միջոցով»,- գրել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ ապացուցների հետոզոտումն ավարտվել էր, բայց Մելիքսեթյանն այդպես էլ տվյալ միջնորդության վերաբերյալ որոշում չէր կայացրել։ Ընդհակառակը՝ այն քննելու ու լուծելու փոխարեն մեղադրական վերդիկտ էր կայացրել։
Ըստ փաստաբանի՝ Արմինե Մելիքսեթյանն այդ միջնորդությանն անդրադարձել և այն մերժել է միայն մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո կայացրած դատավճռում։
«Եթե (Չ)դատավորն արդեն մեղադրական վերդիկտ էր կայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ, դրանից հետո մի՞թե կարող էր հակասել ինքն իրեն՝ բավարարել մեր միջնորդությունը և քրեական վարույթն ապօրինի լինելու հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը։ Մի՞թե հաստատելու էր, որ ապօրինի գործով է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին»,- հետաքրքրվել է Երեմ Սարգսյանը։
Նա վստահ է՝ Արմինե Մելիքսեթյանն ի սկզբանե իմացել է՝ մեղավոր է ճանաչելու Միքայել արբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն։
Փաստաբանն ակնհայտ անարդար դատական ակտ է որակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացրած որոշումը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Մեղադրական վերդիկտից հետո դատախազությունը բողոքարկել էր այն ու պահանջել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման ժամկետը երկարաձգել՝ սահմանելով 2 տարի 6 ամիս։