ԱՊՀ երկրները համատեղ ուժերով կպայքարեն մորեխների դեմ

Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների տեղեկատվական համակարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարություն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրին որն ուղղված է մորեխ վնասատուների զարգացման կանխարգելմանը։
Նշվում է, որ նախագծի մշակումը բխում է ԱՊՀ շրջանակներում տարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացման համատեքստում գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի և խոտհարքների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
«Համաձայնագիրը նպատակաուղղված է մորեխների բուսասանիտարական մոնիտորինգի և բույսերի պաշտպանության օրենսդրական դաշտի բարելավմանը, ազգային մոնիտորինգի ծրագրերի թվայնացմանը, մորեխների բուսասանիտարական մոնիտորինգի և բույսերի պաշտպանության վերաբերյալ տվյալների փոխանակմանը և վնասատուների բռնկման դեպքում մասնակից պետությունների միջև արագ իրազեկման համակարգերի ներդրմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Համաձայնագրի հիմնական նպատակն է բույսերի առավել վտանգավոր վնասատու հանդիսացող մորեխների կողմից հասցվող վնասի չափի և ռիսկերի նվազեցումը և մասնակից պետությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը։
ԱՊՀ–ի և ԵԱՏՄ–ի համագործակցության նոր ծրագիրն ավելի քան 300 կետ է ներառում
Նշվում է, որ համաձայնագիրը նաև նպատակ ունի ընդլայնելու այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների տեղեկատվական համակարգը, իրականացնել ազգային կանխատեսումներ, կադրերի պատրաստման և մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ աշխատանքներ։