Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը խաթարվել է. պատճառը հոսանքի անկումն է

Ուղևորներին ճանապարհի կեսին իջեցրել են վագոններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում աշխատակիցներն իջեցրել են ուղևորներին, իսկ գնացքը հետ է գնացել «Գարեգին Նժդեհ» կայարան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Րոպեներ անց ժամանել է երկրորդ գնացքը, որը, սակայն, նշված կայարանում կանգառ չի կատարել։
Sputnik Արմենիային Երևանի մետրոպոլիտենից հայտնեցին, որ պատճառը տեխնիկական խնդիր է եղել։
«Հոսանքի անկում է եղել, որի հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել։ Այս պահին մեր մասնագետներն աշխատում են, հավանաբար կես ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի»,– ասաց մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
Հավելենք, որ որոշ ժամանակ անց «Սասունցի Դավիթ» կայարանում իջեցված ուղևորները շարունակել են ճանապարհն այլ գնացքով։