ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 85 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ հնդկական ծագումով գործարար, միլիարդատեր Գոպիչանդ Հինդուջան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Financial Times»-ին։
«Հինդուջան մահացել է երկարատև հիվանդությունից հետո», - հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները:
Հիվանդությունը, որի դեմ պայքարել է միլիարդատերը, չի նշվում։
Հինդուջան ծնվել է 1940 թվականի հունվարի 29-ին: 1990-ականներից ի վեր նրա անունը մշտապես եղել է Մեծ Բրիտանիայի և Ասիայի ամենահարուստ մարդկանց ցանկում։
Գոպիչանդ Հինդուջան, որը գործարար շրջանակում հայտնի է որպես GP, գլխավորել է ընտանեկան բիզնեսը 2023 թվականի մայիսին՝ իր ավագ եղբայր Շրիչանդի մահից հետո։ Ըստ «Hindu» թերթի՝ Hinduja Group-ը նրա ղեկավարությամբ 4 անգամ անընդմեջ գլխավորել է «Sunday Times»-ի վարկանիշը:
Արդյունաբերողը Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ջատագովն էր և պարբերաբար հանդես էր գալիս հնդկական աճող շուկայում ներդրումներ կատարելու կոչերով:
Հինդուջան ունի երկու տղա և մեկ աղջիկ։ Ավտոմոբիլային, նավթաքիմիական, ֆինանսների, ՏՏ և անշարժ գույքի ոլորտներում գործունեություն ծավալող «Hinduja Group» ընտանեկան բիզնեսը գործում է աշխարհի 48 երկրում: