ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Նիկոլաևը։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է ռուսաստանցի բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն։
«Յուրի Նիկոլաևը գնացել է երկինք... Բոլորովին վերջերս էինք միասին «Այսօր երեկոյան» հաղորդման եթերում նշում մասնագիտական տարեդարձը մի մարդու, որն այդքան շատ աստղեր է վառել... Եվ ահա հենց նոր լուր ստացանք, որ նա մահացել է... Ցավալի է։ Հիշատակը վառ...», – գրել է Ցիսկարիձեն։
Մահվան պատճառը դեռ չեն հայտնում։
Նիկոլաևը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 16-ին Քիշնևում։ 1970 թվականին Նիկոլաևն ավարտել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը (այժմ՝ ԳԻՏԻՍ)՝ թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությամբ։ Նա իր հեռուստատեսային կարիերան սկսել է 1973 թվականին։ Վարել է այնպիսի հայտնի հաղորդումներ, ինչպիսիք են «Առավոտյան փոստը», «Առավոտյան աստղը», «Գոլուբոյ օգոնյոկ», «Տարվա երգը» և այլն։