ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը վստահ է, որ ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումներում ազգային թիմն ամբողջ ուժով կպայքարի։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տարածել է Բարսեղյանի հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Իռլանդիայի հետ խաղի ժամանակ Տիգրան Բարսեղյանը հեռացվեց խաղադաշտից մրցակցին հարվածելու համար: Հայաստանի հավաքականը մնաց 10 հոգով, որից հետո գոլ բաց թողեց և պարտվեց նվազագույն՝ 0:1 հաշվով:
«Կյանքում, և հատկապես ֆուտբոլում, լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին` սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարող լինել դաշտում և օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ, և վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով»,- ասել է Բարսեղյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, թիմակիցներին և երկրպագուներին վստահության և աջակցության համար: Նշել է, որ այս ամենն իրեն մեծ ուժ է տալիս։
«Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարությունները հաղթահարելը ավելի հեշտ է»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու խաղերը:
Նոյեմբերի 13-ին Երևանում մեր ազգային թիմը կհանդիպի Հունգարիայի, իսկ 16-ին՝ Պորտուգալիայի հետ: