ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Այսօր` նոյեմբերի 4-ին, վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, կա 2 զոհ, 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 17։38-ին, հաղորդել են, որ Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես բենս», «Գազ» մակնիշների ավտոմեքենաները և «Վոլվո» մակնիշի բեռնատարը․ «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։