ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են զարգացնել Չինաստանի տարածքում ռուսական դիզայնով ատոմային էլեկտրակայանների կառուցումը, ինչպես նաև ակտիվացնել համատեղ նախագծերը արագ նեյտրոնային ռեակտորների և փակ միջուկային վառելիքի ցիկլի տեխնոլոգիաների ոլորտում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա նշել է, որ Մոսկվան ու Պեկինը ատոմային ոլորտում համագործակցելու նոր փուլ են սկսում։
«Մենք պետք է անցնենք երկկողմ փոխգործակցության հաջորդ փաթեթին, որը ներառում է Չինաստանում ռուսական դիզայնով ԱԷԿ-ի կառուցում և ատոմային էներգետիկայի չորրորդ սերնդի ուղղությամբ համատեղ աշխատանք», - լրագրողներին ասել է Լիխաչովը:
«Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ կորպորացիան խնդիր է դրել նոր պայմանավորվածություններ ձեռք բերել Չինաստանում ԱԷԿ-ի կառուցման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
«Առաջին հերթին դա վերաբերում է միջուկային վառելիքի ցիկլում համագործակցության ամրապնդմանն ու չինական ատոմային էներգետիկան ուրանային արտադրանքով ապահովելուն», - հավելել է նա:
Հիշեցնենք` Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր երկօրյա այցով մեկնել է Չինաստան: Պեկինում նա բանակցել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Վարչապետների 30-րդ հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: