Վանաձորի դատարանում մեղադրյալի աթոռին նստած 22–ամյա Էրիկ Դադիվանյանին դանակահարողը կալանավորվել է, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում «Սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով։
Մեր տեղեկություններով՝ դանակահարողը եղել է անցած տարի սպանված Հայկ Մաղաքյանի խորթ եղբայրը, այլ ոչ թե մայրը, ինչպես ավելի վաղ հայտնում էին ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ 2024 թ, հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ավելի ուշ պարզվել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։
Սեպտեմբերի 25–ին բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են. խափանման միջոց ընտրվել է կալանքը: