ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվեց ՆԳՆ ոստիկանության գվարդիան։ Նոր ստորաբաժանման կազմավորման նվիրված շրջայց-միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ։
«Մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան լինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց՝ ծառայողների համար»,- իր ողջույնի խոսքում ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ բարեփոխումը մի բան է, որը երբեք չի ավարտվում։
Ըստ Փաշինյանի` սա կարևոր մի փուլ է ոստիկանության և առհասարակ ՆԳՆ համակարգի բարեփոխումների համար։ Միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումներն ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումներն ու պատկերացումներն անպատեհ են, քանի որ երբ արձանագրեն՝ բարեփոխումն ավարտել են, ուրեմն սկսել են հետընթաց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը:
Իր խոսքում վարչապետը խոսել է նաև ուժի կիրառման կարևորության մասին՝ ընդգծելով, որ բոլոր կողմերի համար պետք է թափանցիկ լինի, թե երբ կարելի է այն կիրառել։
«Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքում ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության ծառայողի համար էլ դա պետք է թափանցիկ լինի, պետք է հասկանա՝ որն է ուժի կիրառման իրադրությունը, որ իր մեջ էլ մտավախություն կամ հարց չլինի՝ համաձայն օրենքի՞ է գործում, թե՞ ոչ։ Սա ճանապարհ է, որը մենք պետք է անցնենք։ Մեր կանխավարկածն այն է, որ ՀՀ-ում ուժ կա՛մ չպետք է կիրառվի, կա՛մ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ։ Բայց հավատացեք` եթե չլինի ոստիկանության գվարդիա և առհասարակ ուժային կառույցներ, որն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում նաև ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգ պարզապես հնարավոր չէ»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք` ԱԺ–ն ոստիկանական գվարդիա ձևավորելու մասին օրինագիծն ընդունեց 2024թ․ հոկտեմբերի 24-ին։
Նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանմանը վերապահվում են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ: Այսինքն՝ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը այլևս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնի։
Այսօր հայտնի դարձավ, որ ՆԳՆ ոստիկանության գվարդաիյի հրամանատար է նշանակվել Հայկ Բաբայանը։