ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Նա առողջական խնդիրներ ունի։ Խափանման միջոցը փոխվել է, որպեսզի նա կարողանա ՄՌՏ հետազոտություն, ֆիզիոթերապիա անցնել»,– նշեց Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը որոշել է Արշակյանի առողջական վիճակի հետ կապված խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը քննել դռնփակ։
Հիշեցնենք, որ Աղվան Արշակյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ագրեսիվ տեսակի քաղցկեղ. նա ծանր վիրահատություն է տարել։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։