Քրեաիրավական բաղադրիչ է պարունակում. փաստաբանը` կարգալույծ արված քահանայի չհեռանալու մասին

Մելիքյանը հույս է հայտնում, որ եկեղեցին հետ կպահանջի նաև իրեն պատկանող Մատենադարանի մատյանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik․ Ստեփան Աստարյանի (նախկինում` տեր Արամ) Հովհաննավանքից դուրս չգալը, դռների փականները փոխելն իր մեջ քրեաիրավական բաղադրիչ ունի։ Այս մասին այսօր Օշականում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դա ի վերջո սեփականության իրավունքի հարց է։ Դա նման է նրան, որ ինչ–որ մեկը գա ձեր տուն, փականը փոխի ու ասի, որ դուրս չի գալիս։ Ի՞նչ կանեիք»,– ասում է Մելիքյանը։
Նա հույս է հայտնում, որ Հայ առաքելական եկեղեցին այլևս ոչ մի բարոյական խոչընդոտ չի տեսնի հետ պահանջելու պետական եկեղեցիներն ու Մատենադարանի մատյանները, որոնք, ըստ նրա, հափշտակվել են։
«Ես այն կարծիքին եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել դրանք Մայր աթոռին վերադարձնելու համար։ Թող պատմամշակութային կոթող համարվի, թող ԿԳՄՍՆ–ն իր գործը անի, բայց դրա սեփականատերը Մայր աթոռն է»,– նշում է փաստաբանը։
Հիշեցնենք` Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը, (նախկինում՝ տեր Արամ. խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» մատուցեց։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ–ի հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին` ազդարարվեց նաև, որ Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցելու նաև նոյեմբերի 2-ին։
Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել