Պակիստանը Թուրքիայի խնդրանքով վերսկսել է Աֆղանստանի հետ բանակցությունները. ԶԼՄ

Ավելի վաղ Իսլամաբադը հայտարարել էր, որ Ստամբուլում կայացած բանակցությունները արդյունք չեն տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Պակիստանը Թուրքիայի խնդրանքով համաձայնել է վերսկսել Աֆղանստանի հետ բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է «Geo News»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ Պակիստանը որոշել է վերսկսել երկխոսությունը՝ խաղաղության համար ևս մեկ հնարավորություն տալու համար։ Պակիստանի պատվիրակությունը, որը պատրաստվում էր տուն վերադառնալ նախորդ բանակցությունների ձախողումից հետո, այժմ կերկարաձգի իր ներկայությունը Ստամբուլում՝ քննարկումները շարունակելու համար»,– նշում է լրատվամիջոցը։
Աղբյուրների տվյալներով` բանակցությունները կկենտրոնանան Պակիստանի գլխավոր պահանջի վրա` հստակ, արդյունավետ միջոցներ ձեռնարկել Աֆղանստանի տարածքից գործող ահաբեկչական խմբավորումների դեմ։
Ավելի վաղ Պակիստանի տեղեկատվության և ռադիոհեռարձակման նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել էր, որ Ստամբուլում աֆղանական կողմի հետ քառօրյա բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի գիշերը բախումներ սկսվեցին Դուրանդի գծի (երկու երկրների միջև սահման, որը Քաբուլը չի ճանաչում) ողջ երկայնքով։ Պակիստանի բանակը հարվածներ հասցրեց Աֆղանստանի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին՝ ի պատասխան Խայբեր-Պախտունխվա հյուսիսարևմտյան նահանգի Կուրամ շրջանում անցակետերի վրա իրականացրած հարձակման: Ավելի ուշ Պակիստանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Աֆղանստանի հետ ժամանակավոր հրադադար հաստատելու համաձայնություն է ձեռք բերվել։
Ծանր մարտերը վերսկսվել են Աֆղանստանի և Պակիստանի սահմանին