Բաքուն ՌԴ-ին առայժմ չի թույլատրել տեսակցել կալանավորված Ֆյոդորովին, որի վիճակը վատացել է

Զախարովայի խոսքով՝ իրավիճակը գտնվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մշտական վերահսկողության ներքո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը դեռևս հյուպատոսական հասանելիություն չի ստացել կալանավորված պետերբուրգցի 22-ամյա ռուս ուսանող Դմիտրի Ֆյոդորովին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրա առողջական վիճակը վատանալու մասին բազմաթիվ ահազանգեր կան, և ուզում եմ ընդգծել, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը երեկ կրկին ադրբեջանական կողմին հարցում է ուղարկել ՌԴ քաղաքացու հետ հանդիպելու և նրան որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար», - ասել է Զախարովան:
Նա հստակեցրել է, որ երկու երկրների պատկան մարմինների գծով ընթանում է առարկայական երկխոսություն՝ Ռուսաստանի քաղաքացիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու նպատակով։
Այսպես, վերջերս Ռուսաստան են վերադարձել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավարները՝ գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մաս կազմող «Sputnik Ադրբեջան» գործակալությունում անհիմն ձերբակալել էին 7 մարդու: Գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել էին չորս ամսով։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը կոչ էր արել ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց աշխատակիցներին և անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը: