ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն նախատեսվում է սահմանել 993 մլրդ 17 մլն դրամի շրջանակներում։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
«Այդ 993 մլրդ 17 մլն դրամից 990 մլրդ 660 մլն դրամն ընթացիկ ծախսերի համար է նախատեսվում հաստատել, իսկ 2 մլրդ 356 մլն դրամը՝ կապիտալ ծախսերի համար։ Նախորդ տարվա համեմատ նախարարության ծախսերն աճել են 87 մլրդ 37 մլն դրամով կամ 9,6 տոկոսով»,- նշեց փոխնախարարը։
Նա ընդգծեց, որ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է մի քանի ուղղությամբ․ կուտակային կենսաթոշակների գծով հատկացումները կաճեն մոտ 34 մլրդ դրամով, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծախսերը` 20 մլրդ դրամով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե ընթացիկ ծախսերից որքանն է հատկացվելու ժողովրդագրության հիմնախնդիրների լուծմանը։
Սիրունյանը շեշտեց՝ ժողովրդագրական բարելավման ծրագրի համար նախատեսված է 84 մլրդ 162 մլն դրամ։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 4 մլրդ 75 մլն դրամով։ Ծրագրով նախատեսված է մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի տրամադրումը, երեխայի ծննդյան նպաստի տրամադրումը, զոհված զինծառայողների ընտանիքներում վերարատադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի տրամադրումը և այլն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենց գերատեսչության բյուջեն հաճախ ուշադրության կենտրոնում է իր մեծության պատճառով։ Ընդգծեց՝ բյուջեի զգալի ծրագրեր մուտքեր և ելքեր են, ու իրենք որևէ ազդեցություն չունեն այդ ծախսերի վրա։ Դրանցից են կուտակային կենսաթոշակը, դրոշմանիշային հավաքագրումները և այլն։
Անդրադառնալով արցախցիների բնակարանային ապահովության ծրագրին՝ Թորոսյանը շեշտեց, որ նախատեսվում է հատկացնել 15,6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 31 տոկոսով։ Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 20 մլրդ դրամով։
«Սա հենց Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի բյուջեն է, որի մեջ ներառված են և՛ բնակարանային ապահովումը, և՛ ընթացիկ աջակցությունները»,- նշեց Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ լինելու են նաև ծրագրեր, որոնք արդեն մեկնարկել են ու 2026 թվականին էլ նախատեսում են շարունակել։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ծրագրին, որտեղ 16 մլն-ի փոխարեն սահմանվել է 21 մլն դրամի չափով գումար։ Պայմանը հետևյալն է՝ ընտանիքը պետք է նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինի հենց այդ գյուղերից մեկում։
Սոցապնախարարը ներկայացրեց ծրագրի վիճակագրությունը՝ ընդգծելով, որ 1 շաբաթ առաջվա տվյալներով` ներկայացվել է 2299 շահառուի հայտ, որից 2232-ն արդեն վարկավորվել են։ Սա նշանակում է, որ այդ ընտանիքներն արդեն սկսել են շինարարական աշխատանքները։ Այս պահի դրությամբ 163 ընտանիք արդեն ունի ավարտական ակտ, այսինքն՝ տները հանձնվել են շահագործման։
«Գեղարքունիքի մարզում ունենք 108 շահառու, Արարատում՝ 145, Սյունիքում՝ 225, Վայոց Ձորի մարզում՝ 306, իսկ մեր չեմպիոն մարզը Տավուշն է՝ 1515 շահառու։ Խոսքը այսքան տների մասին է, սա շատ մասշտաբային ծրագիր է։ Այժմ նոր հայտեր չեն ընդունվում, ծրագիրն ավարտված է, բայց քննարկում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի այն վերսկսենք»,- ասաց ԱՍՀ նախարարը։
Մյուս ծրագրերը, որոնք մեծ արձագանք են ունեցել ու նախատեսվում է շարունակել, կենսաթոշակների հետվճարի, ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրերն են։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասով նախարարը նշեց, որ բնակապահովման ծրագրի շրջանակում արդեն հավաստագիր ստացել է 3202 ընտանիք և 12 826 անձ։ Նրանցից 1198-ը և 5242-ը վերցրել են իրենց հավաստագրերը, բնակվում են իրենց սեփական տներում։
ԱՍՀ նախարարը նաև ընդգծեց, որ ներկայում շրջանառվում է մի նախագիծ, որով էականորեն ընդլայնելու են աջակցող միջոցների ցանկը, որոնք տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց։ Դրանում ներառվում են ֆունկցիոնալ պրոթեզները, կոխլեար իմպլանտների խոսակցական պրոցեսորները, անվասայլակների նոր տեսակներ, շարժունակության ապահովման համար նախատեսված ինքնասպասարկման և խնամքի միջոցներ, տեղորոշման սարքեր և այլն։ Ըստ Թորոսյանի՝ աջակցող միջոցների մասով բյուջեն ավելանալու է մոտ 1,4 մլրդ դրամով կամ մոտ 29 000 աջակցող միջոցով։