ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Աղոթքը, որին կմասնակցի Հռոմի պապ Լևոն XIV-ը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ, տեղի կունենա հայկական Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից։
Ստամբուլի Գում Գափու թաղամասում (պատմական Ֆաթիհ շրջան) գտնվող հայկական եկեղեցի այցելությունը նախատեսված է հովվապետի այցի վերջին օրը: Լևոն XIV-ը տաճարում կգտնվի մոտ 30 րոպե, նրան կընդունի Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Լևոն XIV-ի հայրապետական այցը Թուրքիա տեղի կունենա նոյեմբերի 27-30-ը: Այցի ընթացքում նա կհանդիպի Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ, որից հետո նրանք կստորագրեն համատեղ հռչակագիր: Ավարտելով այցը՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կմեկնի Լիբանան: