ԱՊՀ երկրների հետ բարեկամության ամրապնդումը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Գալուզին

Բարձրաստիճան դիվանագետը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել և բազմապատկել համաշխարհային մշակութային ժառանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, այդ թվում` ակտիվ մշակութային և հումանիտար համագործակցությունը, շարունակում է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» միջազգային փառատոնի անցկացումը դիտարկում է հենց այս համատեքստում։
«Կարևոր է նաև նշել, որ ժամանակակից բազմաբևեռ աշխարհակարգը, որի ձևավորմանը մասնակցում են մեր երկրներն ու ժողովուրդները, ԱՊՀ երկրները և նրանց ժողովուրդները, հիմնված է, նախևառաջ, մշակութային և քաղաքակրթական բազմազանության, ավանդույթների նկատմամբ հարգանքի և մշակութային ինքնության պահպանման վրա», – նշեց Գալուզինը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակապի ժամանակ, որը նվիրված էր փառատոնի անցկացմանը։
Ինչպես նշեց դիվանագետը, Ռուսաստանը ձգտում է պահպանել և բազմապատկել համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը, անկասկած, անհնար է առանց յուրաքանչյուր ազգի մշակութային ներդրման նկատմամբ հարգանքի և հոգատար վերաբերմունքի։ Հենց այս մոտեցումների վրա է հիմնված լինելու բացվող փառատոնը։
Այս տարվա փառատոնն ունի հատուկ խորհրդանշական նշանակություն։ Այն նվիրված է մի քանի նշանակալի իրադարձությունների (այդ թվում՝ նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան), որոնք արտացոլում են Ռուսաստանն ու ԱՊՀ երկրներն իրար կապող ընդհանուր արժեքները:
Ռուսաստանը վստահ է, որ բացվող փառատոնը կնպաստի ԱՊՀ երկրների միջև ամուր և հուսալի կապերի ձևավորմանը։
ՀԱՊԿ-ի ուժերը կարելի է օգտագործել ՇՀԿ-ում և ԱՊՀ-ում ճգնաժամերը լուծելու նպատակով. Սեյտիմով
Գալուզինը հիշեցրեց, որ այս տարի նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Նա ընդգծեց, որ այս ամսաթիվը մնայուն ​​նշանակություն ունի հետխորհրդային տարածքի բոլոր ժողովուրդների համար, քանի որ այդ պատերազմում հաղթանակը հնարավոր է դարձել հենց միասնության, հոգևոր և մարդկային ռեսուրսների աննախադեպ մոբիլիզացիայի, տարբեր ազգությունների միլիոնավոր մարդկանց փոխօգնության և անձնուրաց աշխատանքի շնորհիվ։
ՌԴ փոխարտգործնախարարը փառատոնն անվանեց հարգանքի տուրք բոլոր նրանց, ովքեր պայքարել են խաղաղ ապագայի համար։
Նախարարի տեղակալը ցավով նշեց, որ այսօր որոշ երկրներ քայլեր են ձեռնարկում մշակութային և հումանիտար ոլորտը քաղաքականացնելու համար, ստեղծելու համար արհեստական խոչընդոտներ և բաժանարար գծեր աշխարհում` այդ թվում նաև մշակութային ոլորտում։
«Մենք կարևոր ենք համարում մեր ժողովուրդների հետ հարաբերությունների ամրապնդումը և ԱՊՀ գործընկերների հետ սերտ կապերի պահպանումը, այդ թվում՝ մշակութային և հումանիտար ուղղություններով», – ասաց նա։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդները» միջազգային փառատոնը, որը նվիրված է նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվան։
Փառատոնը կմեկնարկի լիագումար նիստով, որը կբացի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կլինի գործարար, կրթական և մշակութային ոլորտներին, կանցկացվեն տարբեր թեմաներով ցուցահանդեսներ և վարպետության դասեր։
Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ երկրների անվտանգության խորհդի քարտուղարների հանդիպմանը
Փառատոնն Անվտանգության խորհրդի աշխատակազմի, նախագահի աշխատակազմի և ՌԴ ԱԳՆ–ի համակարգմամբ կազմակերպել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունը Ռուսաստանի մշակույթի նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Մոսկվայի կառավարության, «Զնանիե» ռուսական միության, Ռուսական աշխարհագրական ընկերության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ։