2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ ղեկավարը` պատճառների մասին

Ընդհանուր առմամբ` 2026 թվականի ընտրությունների համար մոտ 500 մլն դրամ ավել կպահանջվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ՀՀ բյուջեից մոտ 4 մլրդ 450 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի` խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով տեղի ունեցած քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ստացել է մոտ 2.8 մլրդ դրամ։ Եվս 1.1 մլրդ վճարվել է պետ​​բյուջեից, բայց ոչ թե ԿԸՀ-ի մասով, այլ ընտրատեղամասերում տեսախցիկների սպասարկման համար։
Կառավարությունը ԿԸՀ–ին 130 մլն 800 հազար դրամ կտա Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների համար
Սակայն նույնիսկ այս 1.1 մլրդ–ը հաշվի առնելով՝ մոտ 500 մլն դրամի տարբերություն է մնում։ Ինչպես բացատրեց Հովակիմյանը, այս տարբերությունը պայմանավորված է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեսախցիկների սպասարկման աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմամբ։
Բացի այդ, 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն երկրի 70 համայնքներից 46-ում։ ԿԸՀ–ն դրա կազմակերպման համար մոտ 2.5 մլրդ դրամ կստանա։