Մասիսի համայնքապետին կալանավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Օդանավակայանի մոտ հավաքվել էին Համբարձումյանի աջակիցները, կուսակից ընկերները, ընտանիքի անդամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվեց։ Նրա ընկեր, ակտիվիստ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Համբարձումյանին կալանավորում հենց ինքնաթիռի դռան մոտ։
«Զվարթնոց» օդանավակայանում արդեն մոտ 2 ժամ է՝ հավաքվել են Համբարձումյանի աջակիցները, կուսակից ընկերները։ Օդանավակայանում են նաև նրա կինն ու 4 անչափահաս երեխաները։
Դավիթ Համբարձումյանի կինն ու երեխաները
Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։
Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը հրաժարվել են ցուցմունքներից. փաստաբան