Գյումրու համայնքապետի եղբոր թոռը վայր է դրել ավագանու անդամի մանդատը

Գյումրու ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
ԿԸՀ–ից տեղեկացրին, որ 31 ընտրատարածքային հանձնաժողովը ստացել է Ղուկասյանի դիմումը։
ՏԻՄ օրենքի համաձայն` ավագանու անդամը դիմումը ներկայացնում է համայնքապետին, իսկ համայնքապետը մանդատը վայր դնելու արձանագրությունը ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողովին։ Հանձնաժողովը դիմումը քննելու և մանդատը ցուցակով հաջորդին փոխանցելու համար 7 օր ժամանակ ունի։
Եթե ավագանու առնվազն 17 անդամ չմասնակցի նոյեմբերին կայանալիք առաջիկա նիստին , քվորում չի ապահովվի, և նիստը չի կայանա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել, որոնցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։
Հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ներառյալ՝ մեկ անչափահասի։
Հոկտեմբերի 23–ին դատարանը կալանավորման որոշում կայացրեց փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի, Գյումրու ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանի վերաբերյալ։