ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Երեկվանից փրկարար ծառայությունը և միացած կամավորները շարունակում են որոնողական աշխատանքը, բայց դեռևս որևէ արդյունք չունենք։ Հիմա շտաբ է ձևավորվել, ու քարտեզներով տեղաբաշխված որոնողական աշխատանքները շարունակվում են»,– ասաց նա։
Ավելի վաղ ՆԳՆ–ն հայտնել էր, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են շուրջ 150 ոստիկաններ և շուրջ 150 փրկարարներ, ինչպես նաև կինոլոգներ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։
Երեխայի անհետացման հետ կապված մարզպետը վարկած չնշեց՝ ասելով, որ խոսակցությունները տարբեր են և երբեմն իրար հակասող։
«Խոսակցություններն այն մասին են, որ մեկը երեխային տեսել է այստեղ, մյուսն՝ այնտեղ։ Մեկն ասում է, որ երեխային տեսել են մեծ եղբոր հետ, հետո եղբորը տեսել են, որ միայնակ տուն է վերադառնում»,– նշեց Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետը հաստատեց, որ երեխայի ընտանիքը սոցիալապես անապահով է, համայնքի կողմից աջակցություն եղել է։ Սակայն Սարգսյանը հերքեց տեղեկությունը, թե երեխայի անհետանալուց առաջ ինչ-որ միջադեպ է եղել, որի արդյունքում մորը ոստիկանություն են հրավիրել։
«Տեղյակ չեմ, որ մայրիկին հրավիրել են ոստիկանություն։ Գիտեմ, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդ են նշել։ Ոստիկանություն տանելու հետ կապված նման տեղեկատվության չեմ տիրապետում»,-շարուրնակեց Կարեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիային Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանըը հայտնել էր, որ 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել: