ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Յասինովատայա (ԴԺՀ) քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13-ամյա երեխա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։
Յասինովատայա (ԴԺՀ) քաղաքի գնդակոծության հետևանքները
© Photo : и.о. главы Ясиноватского муниципального округа Александр Пеняев
Հետաքննության տվյալներով՝ հարվածը հասցվել է բնակելի տան վրա՝ օգտագործելով HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Տեղում հայտնաբերվել են զինամթերքին բնորոշ բեկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության՝ հրթիռի տեսակը ճշտելու համար:
«Ուկրաինայի զինված ուժերի կողմից Յասինովատայայում բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով 2012-ին ծնված երեխա է մահացել։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ևս մեկ տուժած. զոհերի ընդհանուր թիվը հասել է երեքի»,- հայտնել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Յասինովատսկի մունիցիպալ օկրուգի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Պենյաևը հայտնել էր, որ երկու բնակիչ զոհվել է տեղում, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել:
Յասինովատայա (ԴԺՀ) քաղաքի գնդակոծության հետևանքները
© Photo : и.о. главы Ясиноватского муниципального округа Александр Пеняев
Յասինովատայա քաղաքն ընկած է Դոնեցկից մոտ 25 կմ հյուսիս: Այստեղ է գտնվում նախկին ԽՍՀՄ-ի ամենամեծ երկաթուղային կայարանը, որը բազմիցս գնդակոծվել է ուկրաինական զորքերի կողմից։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քաղաքացիական բնակչության վրա հարձակման փաստով:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։