ՀՀ ԶՈւ–ն սպասում է ՆԱՏՕ-ի չափանիշներով դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` քանի որ նոր համազգեստը դեռևս չի փորձարկվել բանակում, փորձանմուշները ցուցադրել հնարավոր չէ, սակայն պրոցեսները շատ արագ առաջ են գնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ զինված ուժերը սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հրաժարվելու ենք մեր շատ սիրելի խորհրդային տիպի համազգեստից։ Ստանդարտները արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով։ Շարքայինից մինչև գեներալ ունենալու են նոր համազգեստ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` քանի որ նոր համազգեստը դեռևս չի փորձարկվել բանակում, փորձանմուշները եթերում ցուցադրել հնարավոր չէ, բայց պրոցեսները շատ արագ առաջ են գնում։
Պապիկյանը վստահ է` ՀՀ զինված ուժերի համազգեստի փոփոխությունն ունի և՛ էսթետիկ, և՛ հոգեբանական նշանակություն։
Արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա համազգեստի և տոնական համազգեստի նմուշները, և այդ գործընթացը ևս շուտով ավարտին կհասցվի։
Նշենք, որ 2023 թ.–ի նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։