Սխալ կլիներ Բուդապեշտի գագաթաժողովին մոտենալ առանց նախապատրաստվելու. Պուտին

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ հենց Վաշինգտոնն է առաջարկել գագաթաժողովն անցկացնել Հունգարիայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Սխալ կլիներ Բուդապեշտում կայանալիք ՌԴ-ԱՄՆ գագաթաժողովին մոտենալ առանց նախապատրաստվելու։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անկասկած, նման հանդիպումները պետք է լավ պատրաստել։ Ե՛վ ինձ, և՛ ԱՄՆ նախագահի (Դոնալդ Թրամփի. խմբ.) համար սխալ կլիներ դրան թեթևությամբ մոտենալ և այդ հանդիպումից հետո դուրս գալ առանց ակնկալվող արդյունքի»,-լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարը:
Մեկնաբանելով Թրամփի` գագաթնաժողովը չեղարկելու հայտարարությունը՝ Պուտինը նշել է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, հանդիպման հետաձգման մասին է:
Նա նաև հայտնել է, որ Բուդապեշտում հանդիպում անցկացնելու առաջարկը հենց ամերիկյան կողմն է արել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ վերջին զրույցի ընթացքում։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համագործակցության շատ ուղղություններ ունեն, եթե երկրները ճնշումից անցնեն լուրջ երկխոսության հեռանկարի: Ռուսաստանը միշտ աջակցել է երկխոսության շարունակմանը։ Միևնույն ժամանակ Պուտինը ԱՄՆ պատժամիջոցները անվանել է ոչ բարեկամական գործողություն, որը չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները: Իսկ Կիևին «Tomahawk» հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին խոսակցությունները գնահատել է որպես էսկալացիայի փորձ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։
Երկու շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ. Պեսկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին