ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին գլյուկոզայի ժամանակակից, ոչ ինվազիվ (առանց ներարկման) չափման սարքեր կբաժանեն։ Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նման սարքեր նախկինում արդեն տրամադրվել են մինչև 9 տարեկան երեխաներին, ինչի համար 181 մլն դրամ էր հատկացվել։ Այժմ 570 մլն դրամ է հատկացվում 10-18 տարեկան երեխաների և դեռահասների համար։
Նա նշեց, որ ժամանակակից տվիչները թույլ կտան արյան մեջ շաքարի մակարդակը չափել օրը մի քանի անգամ, ինչը կօգնի երեխաների համար ինսուլինի ճիշտ չափաբաժին նշանակել։ Չափումը կիրականացվի առանց ներարկման։ Տվյալները կփոխանցվեն բջջային հավելվածի վրա, որը կկարողանան վերահսկել բժիշկներն ու ծնողները։
Մինչև տարեվերջ սարքերը կբաժանվեն մոտ 1100 հիվանդ երեխայի։ Հետագայում դրանց գնումը և սպասարկումը պետությունը կֆինանսավորի մշտական հիմունքներով։