ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ ԶՈւ համալրումը ոչ թեպատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար է։
«Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը: Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման: Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները»,– գրել է Տիգան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի էջերով հայտնեց, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ։ Հաջորդ տարվա ձմեռային զորակոչից արդեն պարտադիր զինվորական ծառայությունը, օրենքի ընդունման դեպքում, կդառնա 1,5 տարի՝ 2-ի փոխարեն։