ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր` հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:
«Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը և իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ»,- ասված է աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
Աշխատանքային այցի շրջանակում Մանասյանը եղել է նաև Աշոցքում և Ամասիայում, հանդիպել համայնքների բնակիչների հետ, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
«Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային և սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, ինչպես նաև պետական և համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված»,- ասված է հաղորդագրությունում։
Ամասիայում առանձնահատուկ ընդգծվել են նաև անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները, իսկ Աշոցքում` ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր: Մանասյանն ընդգծել է, որ մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Աշխատակազմից հայտնում են նաև, որ Մանասյանը հանդիպել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։