Անհիմն պահանջների մերժում. Արաղչին ասել է` երբ Իրանը կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանըշարունակում է ԱՄՆ-ի հետ միջնորդավորվածուղերձների փոխանակումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ ամերիկյան կողմը չի հրաժարվել Իսլամական Հանրապետության նկատմամբ իր չափազանցված ու անխոհեմ պահանջներից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ միջնորդավորված ուղերձների փոխանակումը, ինչը, սակայն, ըստ իրանական գերատեսչության` չի կարելի անվանել բանակցություն։

«Ավելի վաղ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունները (այդ թվում՝ Նյու Յորքում կայացած խորհրդակցությունները) կասեցվել էին, որովհետև ամերիկյան կողմի չափազանց մեծ պահանջների պատճառով առաջընթաց չունեին։ Մենք բանակցություններին չենք վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիները չեն հրաժարվել իրենց չափից դուրս անխոհեմ պահանջներից», - ասել է Արաղչին։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց ուրանի հարստացման իրավունքի պահպանման: Նա ընդգծել էր, որ Իրանը շատ բան է զոհաբերել իր ատոմային ծրագրի զարգացման համար:
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին: