Վարդան Ղուկասյանին կաշառք տալու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ տնային կալանք է սահմանվել

Գյումրիում 8 անձից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է մասնակցությամբ հրապարակված ձայնագրություններում տեղ գտած բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Գյումրի համայնքի ղեկավարը տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։ Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեից նաև նշում են, որ ձերբակալված 8 անձից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։
Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։