Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվողի և իրեղեն ապացույցների ԴՆԹ-ն համընկել է․ ՔԿ

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին հեռադիտակ, կարմիր գույնի ձեռնոցներ և այլն, որոնք, ենթադրվում է, գործածվել էին սպանությունը կատարողի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Գ․Հ․-ի և մի շարք իրեղեն ապացույցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»,- հայտնել է Ավդալյանը։
Նշենք, որ Գ․Հ․-ն Գևորգ Հարությունյանն է, որը նկատմամբ կալանքի որոշում է կայացվել սեպտեմբերի 28-ին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: