Լավրովը խոսել է Պուտինի և Թրամփի պայմանավորվածությունների իրագործման մասին

Սերգեյ Լավրովը նշել է, որ Կիևի ռեժիմի «եվրոպական հովանավորների» ցանկությունը՝ հասնել հրադադարի՝ առանց լիարժեք, կայուն կարգավորում ապահովելու, հակասում է Անքորիջում Պուտին-Թրամփ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նշել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի պայմանավորվածությունների կատարման հաստատակամությունը:
«Մենք երեկ բավական մանրամասն խոսել ենք Մարկո Ռուբիոյի հետ՝ համաձայն այն պայմանավորվածության, որը նախագահները ձեռք են բերել հոկտեմբերի 16-ի իրենց հեռախոսազրույցի ընթացքում, և հաստատել ենք մեր հստակ նպատակաուղղվածությունը՝ շարժվել ըստ այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել նախագահներ Պուտինի և Թրամփի միջև՝ առաջին հերթին Ալյասկայում, ինչպես նաև նրանց հեռախոսային զրույցների ընթացքում»,- Եթովպիայի արտգործնախարար Գեդիոն Տիմոթևոսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են շուտով հանդիպում անցկացնել Բուդապեշտում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնն անհապաղ կսկսեն նախապատրաստվել առաջնորդների նոր հանդիպմանը, որը կարող է տեղի ունենալ Հունգարիայի մայրաքաղաքում:
Հոկտեմբերի 17-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են Կիևին սպառազինություն մատակարարելու հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա բուդապեշտյան հանդիպումը: Ավելի ուշ Զելենսկին խոստովանել է՝ Սպիտակ տան ներկայացուցիչները պնդում էին, որ Ուկրաինան դուրս գա Դոնբասից: Աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդը հրաժարվել է Ուկրաինային տրամադրել «Tomahawk» թևավոր հրթիռներ:
ԱՄՆ–ն հասկանում է` Կիևին զինելու փոխարեն պետք է վերացնել հակամարտության պատճառները. Լավրով
Մեկնաբանելով իրավիճակը՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ Կիևի ռեժիմի «եվրոպական հովանավորների» ցանկությունը՝ հասնել հրադադարի՝ առանց լիարժեք, կայուն կարգավորում ապահովելու, հակասում է Անքորիջում Պուտին-Թրամփ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Զելենսկու եվրոպացի հովանավորներն ու տերերը կոչ են անում ամերիկյան կողմին փոխել իր դիրքորոշումը և չձգտել երկարաժամկետ, կայուն կարգավորման, այլ պարզապես կանգ առնել և թողնել` պատմությունը դատի։ Սակայն այս մոտեցումը բոլորովին հակառակն է այն բանի, ինչի մասին նախագահներ Թրամփը և Պուտինը համաձայնության եկան Անքորիջում, երբ նրանք համաձայնեցին կենտրոնանալ արմատական ​​պատճառների վրա», - ընդգծեց նախարարը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են կենտրոնանալ ուկրաինական հակամարտության սկզբնապատճառների վերացման, այդ թվում՝ Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելուց հրաժարվելու և ռուսալեզու բնակչության օրինական իրավունքներն ապահովելու վրա:
«Մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Զախարովան պատմել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վերսկսման քաղաքական հիմքի մասին
Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայում: Մի քանի ձևաչափով անցկացված բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ. նախ հանդիպման վայր հասնելու ճանապարհին առանձնազրույց է եղել ԱՄՆ նախագահի «Լիմուզինում», այնուհետև տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում՝ օգնականների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: