ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման ժամկետը երկարաձգել` սահմանելով 2 տարի 6 ամիս։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
«ՀՀ դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով»,– ասված է հայտարարության մեջ:
Պաշտպանական թիմի կարծիքով` դատախազությունը, հապշտապ կերպով բողոք ներկայացնելով, փորձելու է վերահսկել վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը:
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։