Այսօր էլ ՔԿ–ն է մտել Գյումրու քաղաքապետարան. տեսանյութ

Քննիչը հայտնել է, որ գործողություններն իրականացվում են նոր քրեական վարույթի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Արդեն երկրորդն օրն է` Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու քաղաքապետարանը։
«Իրավապահ մարմինները վերահսկողություն են սահմանել քաղաքապետարանում իրականացվող գործընթացների վրա։ Քաղաքապետի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվում։ Ըստ քննիչի` նոր քրեական վարույթի շրջանակում փաստացի նոր գործ են կարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ»,– ասված է հաղորդագրությունում։
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, որ քննիչներն իրենց հետ տանում են առգրավված իրեր, այդ թվում` համակարգիչներ։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։