Վարդան Ղուկասյանը դուրս եկավ շենքից և վազելով մոտեցավ իրավապահների մեքենային. տեսանյութ

Մինչ կարմիրբերետավորներ բերման են ենթարկում մարդկանց, Վարդան Ղուկասյանը ժպտալով դուրս է գալիս համայնքապետարանի շենքից։
Sputnik
Գյումրու համայանքապետ Վարդան Ղուկասյանը իրավապահների հետ դուրս եկավ համայնքապետարանի հետնամուտքից։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ նա վազելով մոտենում է իրավապահների մեքենային։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
Ըստ տեղեկությունների` Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե։ Միաժամանակ ոստիկանությունը շրջափակել է համայնքապետարանը։ Շենքի դիմաց հրմշտոց սկսվեց։ Բազմաթիվ կարմիրբերետավորներ բերման են ենթարկում մարդկանց։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։