ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումից առաջ տնային շատ աշխատանք կա անելու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է` Ռուսաստան-ԱՄՆ հերթական գագաթնաժողովի նախապատրաստական լայնամասշտաբ աշխատանքը հիմա է սկսվում:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպումը կօգտագործվի երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: Կրեմլի ներկայացուցիչը հավելել է՝ Մոսկվան Ռուսաստան-ԱՄՆ նոր գագաթնաժողովից նաև ուկրաինական կարգավորման հարցում խաղաղ հունով առաջ շարժվելու հնարավորություն է ակնկալում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։