ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 21-ին Ժնևում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է Տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում։
Տեսանյութում Սիմոնյանն օդանավակայանում է։ Նա նշել է, որ մեկնում է Ժնև, որտեղ անցկացվելու է Միջխորհրդարանական միության (IPU) 151-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանը։
«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չէինք հանդիպել։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այս հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրությունների միջև կա վստահության վերականգնման հարց, որը պառլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել»,- ասաց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը լավ կանցնի։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հանդիպումը նախաձեռնվել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի կողմից։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել էին այս տարվա ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որտեղ մասնակցում էին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 58–րդ լիագումար նիստին: