ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրությունները:
«Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ընտրություններին։
Ճշգրտող այլ հարցերի Կարապետյանը հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ այսօր ոչ թե ընտրությունների և քաղաքական թեմաների մասին խոսելու, այլ ուխտագնացության օր է։
Նշենք, որ նախօրեին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային անվտանգության շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
ԱԱԾ–ի շենքի մոտ Սամվել Կարապետյանի եղբորորդին` շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հայտարարեց դեպի Էջմիածին ուխտագնացության մասին՝ ցույց տալով, որ հայ ազգն այսօր էլ պաշտպանելու է Էջմիածինը այնպես, ինչպես Սարդարապատի ժամանակ և միշտ է դա արել։
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։ Ավելի վաղ` մարտին, հայտնի էր դարձել, որ նա 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հավելենք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին: Ընտրություններում գրանցվել են 8 քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ), «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Հանրապետություն»,«Համահայկական ճակատ» և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունները։