ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ստերլիտամակի «Ավանգարդ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը Telegram-ում:
Պայթյուն Ստերլիտամակի գործարանում
© Photo : соцсети
«Ստերլիտամակի «Ավանգարդը» հատուկ աշխատանքային պայմաններով ձեռնարկություն է, զբաղվում է պայթուցիկ նյութերով։ Բավականին ուժեղ պայթյունի հետևանքով շենքերից մեկն ավերվել է»,- գրել է Խաբիրովը։
Նրա խոսքով՝ բոլոր մահացածները կանայք են։
«Նրանցից մեկը 2002 թվականին ծնված երիտասարդ աղջիկ է։ Կանանցից երկուսը երեխաներ ունեն։ Ընկերությունն անհրաժեշտ աջակցության միջոցներ կտրամադրի, անպայման փոխհատուցում կվճարվի: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,- գրել է Խաբիրովը։
Նա նշել է, որ պայթյունի հետևանքով նաև 5 մարդ է տուժել։
«Մենք որոշել ենք նրանց բոլորին տեղափոխել Ուֆա։ Երկուսի վիճակը բավական ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք նրանց կբուժենք, ոտքի կկանգնեցնենք»,- նշել է տարածաշրջանի ղեկավարը։
Նա հայտնել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել պայթյունից տուժած բոլոր անձանց: Խաբիրովի խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են դեպքի վայրում։
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17–ին «Ավանգարդ» գործարանի արտադրամասերից մեկում։ «Ավանգարդ» ձեռնարկությունը Ռուսաստանի խոշոր պաշտպանական ձեռնարկություններից մեկն է, այն պետական պաշտպանական պատվերով ապրանքներ է արտադրում: