ՀՀ–ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև գործընկերության նոր ծրագիրը կստորագրվի առաջիկա երեք ամսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»*–ի հետ զրույցում։
Ըստ նախարարի` Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը:
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,– ասել է Միրզոյանը։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը, ըստ նախարարի, բավականին հաջող ընթացք ունի։
Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,– ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք` մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
* Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը 2022 թվականին Բոննում գրանցված «Deutsche Welle» գերմանական հեռուստառադիոկորպորացիան ներառել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող լրատվամիջոցների ցանկում։