Վտանգավոր նախադեպ ստեղծվեց․ փաստաբանական համայնքը՝ Կոչուբաևի կալանավորման մասին

Փաստաբան Աբգար Պողոսյանի կարծիքով՝ դա ուղերձ էր նաև մյուս փաստաբաններին ու նաև հանրությանը՝ եթե փաստաբանն է հայտնվում այս վիճակում, ապա դուք անպաշտպան եք։
Sputnik
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ներկայացված մեղադրանքն ու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը քննարկումների մեծ առիթ է դարձել փաստաբանական համայնքում։ Կոչուբաևի պաշտպանությունը 24 փաստաբաններ են ստանձնել, որոնց փաստարկները, սակայն, այդպես էլ «համոզիչ» չեղան դատավոր Մասիս Մելքոնյանի համար, որը մի քանի ժամ տևած դատական նիստից հետո շուրջ 1 ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադարձավ կալանավորման որոշմամբ։
Sputnik Արմենիան զրուցել է ոչ միայն Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպաններից մի քանիսի, այլև համայնքի այլ ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե որքանով է քրեորեն պատժելի Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը, իրավական տրամաբանության տեսանկյունից ընդունելի՝ ընտրված խափանման միջոցը, և ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ կայացված որոշումը։

Սա ուղերձ էր նաև մյուս փաստաբանների ու հանրության համար․ Սերգեյ Հարությունյան

Իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումն ու կալանավորման որոշումն աննախադեպ քայլ է՝ ուղղված իրավապաշտպաններին լռեցնելուն։ Մեզ հետ զրույցում նշեց Սերգեյ Հարությունյանը, որը Կոչուբաևի 24 պաշտպաններից մեկն է։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվեց հոկտեմբերի 16-ին, ժամեր անց՝ կալանավորվեց ֆեյսբուքյան կոշտ գրառման համար, որում փաստաբանը քննադատում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանավորումը։
Հարությունյանի խոսքով՝ եթե նախկինում բռնաճնշումներով, ոտնձգություններով, քաղաքական հետապնդումներով մեկուսացնում էին քաղաքական գործիչներին, այնուհետև՝ հոգևորականներին, հիմա հերթը հասավ իրավապաշտպաններին։ Ըստ նրա՝ քանի որ Եվրոպայի ճնշման ներքո վիրավորանքն ապաքրեականացվել է մեր երկրում, հիմա արդեն այսպիսի հոդվածներ են դառնում մահակ անձանց, տվյալ դեպքում՝ փաստաբաններին «վնասազերծելու», մեկուսացնելու, պատժելու, վախի մթնոլորտ առաջացնելու համար (Կոչուբաևի մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ- խմբ․)։
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր գրառում, հայտարարություն, հարցազրույց կարող է քրեական հետապնդման առիթ դառնալ, ընդ որում՝ այնպիսի կոշտ ձերբակալումով, ինչպիսին Կոչուբաևի դեպքում կիրառվեց։

«Դա маски шоу էր (նկատի ունի ձերբակալումը - խմբ․)՝ որոշ անձանց հաճոյանալու համար, իսկ փաստաբանին ասֆալտին փռելու գործընթացը ինչ-որ տեղ վրեժխնդրություն եմ համարում, դա ուղերձ էր նաև մյուս փաստաբաններին ու նաև հանրությանը՝ եթե փաստաբանն է հայտնվում այս վիճակում, ապա դուք անպաշտպան եք, պաշտպանյալնե՛ր»,- նշեց Հարությունյանը։

Կարծում է՝ փաստաբանական համայնքն այստեղ կարևոր անելիք ունի, քանի որ կատարվածը ոչ միայն հարված է ժողովրդավարությանը, այլև ոտնձգություն է մարդու իրավունքների, ազատ խոսքի դեմ։

Այս խոսույթի մեջ առհասարակ հանցակազմ չկա․ Աբգար Պողոսյան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խոսույթի մեջ առհասարակ հանցակազմ չկա։ Նշեց նրա 24 պաշտպաններից Աբգար Պողոսյանը։
«Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է պատրաստ լինի քննադատության, ընդ որում, անգամ սուր։ Այո՛, ես ընդունում եմ, որ սուր մտքեր են արտահայտված, բայց դա չի նշանակում, որ քրեորեն պատժելի արարք կա։ Դա ընդամենը քրիստոնյա մարդու դժգոհություն է այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է, և այն վերաբերմունքի, որը կա եկեղեցու նկատմամբ»,- ասաց Պողոսյանը։
Փաստաբանը նկատեց՝ առաջին անգամը չէ, որ գրառման համար անձը քրեական հետապնդման է ենթարկվում, սակայն առաջին անգամ է, որ փաստաբանի նկատմամբ է դա արվում և նման բիրտ ձերբակալումով։ Վստահ է՝ եթե այս ամենը մարսելի լինի իրավապահ համակարգի համար, ապա սա կդառնա նորմալ, ընդունված պրակտիկա։
«Հարկադրանքի միջոցը միայն ծայրահեղ դեպքում պետք է կիրառվի։ Կոչուբաևը շատ բիրտ, կոպիտ ձևով է ձերբակալվել և տեղափոխվել է քննչական մարմին։ Այսինքն՝ սա կատարվել է որպես ցուցադրական քայլ՝ միջին ծանրության հանցանքի համար փաստաբան է ձերբակալվում ու նման վերաբերմունքով, ձևով․ սա վախի մթնոլորտ ստեղծելու համար է»,- ասաց Պողոսյանը։
Ընդգծեց՝ կոշտ ձերբակալումն արվել է այն դեպքում, երբ Կոչուբաևը ո՛չ նախապես հրավիրվել էր քննչական մարմին ու չէր ներկայացել, ո՛չ էլ դիմադրություն էր ցույց տվել ձերբակալության ընթացքում։

Այս դատական ակտը հատեց հնարավոր բոլոր կարմիր գծերը․ Ռոման Երիցյան

Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպաններից է նաև արցախցի Ռոման Երիցյանը։ Փաստաբանը շեշտեց՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ ակնհայտ անարդար և ապօրինի դատական ակտերի են առերեսվել, այդ թվում՝ սրբազան հայրերի, Սամվել Կարապետյանի և այլոց դեպքերով, սակայն Կոչուբաևի դատական ակտը հատեց հնարավոր բոլոր կարմիր գծերը թե՛ մեղսագրված արարքի հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի տեսանկյունից։
«Խոսել փաստաբանի մասին և ասել, որ կալանքը որպես խափանման միջոց չկիրառվելու դեպքում փաստաբանը, որն ունի շուրջ 300 վստահորդ, կարող է դիմել փախուստի, կամ խոչընդոտել վարույթի քննությանը, կամ մնալով ազատության մեջ՝ կարող է կատարել նոր հանցանք... Բառեր չեմ գտնում ասելու, թեպետ որոշ առումով կանխագուշակելի էր կալանքն այն պահից, երբ գործը մակագրվեց դատավոր Մասիս Մելքոնյանին։ Գիտե՞ք՝ մենք 24 պաշտպաններով դատական նիստի ընթացքում դատավորին ուղիղ խնդրել ենք մեզ զարմացնել և ցույց տալ, որ նա կարող է լինել անկախ ու արդար։ Պարոն Վարդևանյանն ասաց՝ «Ցույց տվեք, որ մենք սխալվել ենք Ձեր հարցում»»,- ասաց Երիցյանը։
Նրա խոսքով՝ 24 պաշտպանների ելույթներից հետո դատավորի մոտ անգամ 1 հարց չառաջացավ, ընդամենը 1 ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադարձավ կալանքի և տեսակցությունները սահմանափակելու վերաբերյալ որոշմամբ։
Փաստաբանի համար անընկալելի է, թե ո՞րն է Ալեքսանդր Կոչուբաևի հանցանքը։ Զուգահեռներ է տանում Կոչուբաևի գրառման և 2023 թվականի ԼՂ-ից բռնագաղթի օրերին կատարված տարբեր գրառումների միջև։
«Երբ որ մարդիկ գրառում էին կատարում՝ նշելով, որ Գորիսի ճանապարհը պետք է փակեին, որպեսզի արցախցիները մեռնեին, սրա մեջ, օրինակ, ոչ միայն դատավորները, այլև քննիչները հանցակազմ չեն տեսել և քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Այս խոսքը համարել են վիրավորական, ցնցող, ապշեցնող, բայց ոչ քրեական պատասխանատվության ենթակա, որովհետև մարդն ունի խոսքի ազատության իրավունք, որքան էլ այդ խոսքը լինի կոշտ, քննադատողական, ցնցող ու վիրավորող»,- նշեց Երիցյանը։
Զուգահեռ իրականության մեջ փաստաբանը կալանավորված է կոշտ գրառման համար։ Երիցյանը շեշտեց՝ Կոչուբաևի կալանավորումը լրջագույն խնդիրներ է ստեղծում նաև նրա հարյուրավոր վստահորդների համար, որոնք առանց պաշտպանության են մնացել։ Նշեց՝ այսօր, օրինակ, ինքն ու Կոչուբաևը «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի գործով դատական նիստ ունեն, որը, սակայն, պետք է հետաձգվի։ Նրա խոսքով՝ իրենք խափանման այլընտրանքային միջոցներ են առաջարկել դատարանին՝ վարչական վերահսկողություն, «Ֆեյսբուքից» օգտվելու բացարձակ սահմանափակում, գրավ՝ ընդհուպ 20 միլիոն դրամի չափով, ծայրահեղ դեպքում՝ տնային կալանք, սակայն ամենածանր խափանման միջոցն ընտրվեց միջին ծանրության ենթադրյալ արարք կատարելու համար։

Պատժիչ գործողություն էր․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Ալեքսանդր Կոչուբաևի գրառման մեջ գնահատականներ էին, բայց ոչ տեղեկություններ, մինչդեռ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը վերաբերում է տեղեկությունների հրապարակմանը։
«Տեղեկություն նշանակում է ինչ-որ փաստ։ Հիմա ի՞նչ է կարծել վարույթ իրականացնող մարմինը, կարծել է, որ Կոչուբաևը հանրությանը ներկայացնում է փաստ, որ ինչ-որ մարդիկ հանդիսանում են օգտագործած պահպանա՞կ։ Դա կարո՞ղ է դիտվել որպես փաստ։ Եթե իրենք դա դիտում են որպես փաստ, մեղմ ասած, շատ տարօրինակ է»,- ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ գործ ունենք ոչ թե իրավունքի, այլ վրեժխնդրության հետ։ Ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաև փաստաբան Աբգար Պողոսյանի գրառումը, որով կալանավորման կիրառման միջնորդությունից հատված էր ներկայացված։ Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել, օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»։
«Շատերը սա համարում են անգրագիտություն, բայց բացարձակ անգրագիտություն չէ, սա ցուցադրական ցինիզմ է։ Ցույց են տալիս, թե սրանից հետո ինչպես է լինելու։ Բռնապետական հերթական քայլն է, և Կոչուբաևի անձը մի կողմ՝ ցույց են տալիս, որ փաստաբանների նկատմամբ սկսվում են հետապնդումներ։ Հաջորդը կարող է ավելի մեղմ գրառման, քննադատության կամ քմծիծաղի համար լինել»,- ասաց Մելիքյանը։
Նա անհավանական չի համարում, որ հաջորդն էլ կարող են իր կամ իր գործընկերներից յուրաքանչյուրի հետևից գնալ ինչ-որ գրառման կամ խոսքի համար, բայց և հիշեցնում է ժողովրդական խոսքը՝ ջուրը մտնողը պետք է թրջվելուց չվախենա։

Միջազգային փորձով՝ փաստաբանների կալանավորումը ծայրահեղ միջոց է․ Դավիթ Թումասյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի խոսքով՝ այստեղ երկուստեք լրջագույն խնդիր կա․ նախևառաջ, Ալեքսանդր Կոչուբաևի խոսույթը միանշանակ պարունակում է վիրավորական տարրեր։ Սակայն մասնագետի կարծիքով՝ այստեղ չկա ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմ նախ՝ օբյեկտի, ապա՝ սուբյեկտիվ կողմի բացակայության հիմքով։
«Այս 2 տարրերի բացակայությունը, միանշանակ, հնարավորություն չպետք է ընձեռեր համապատասխան խափանման միջոց կիրառելու համար։ Քանի որ դատարանը դա կիրառել է, այստեղ մենք կարող ենք տեսնել դատարանի կողմից կատարված այնպիսի գործողություն, որը հետագայում վիճարկման հիմք կարող է լինել ընդհուպ ՄԻԵԴ-ում։ Մենք գործ ունենք փաստաբանի հետ, ով հայտնում է կարծիք, ճիշտ է, դա շատ կոշտ, կոպիտ ձևով, ոչ ընդունելի տարբերակով է անում, բայց բոլոր դեպքերում դա իրա անձնական կարծիքն է, որը անհատապես ուղղված չէր կոնկրետ անձի»,- ասաց Թումասյանը՝ շեշտելով, որ կայացված որոշումն իրավական տեսանկյունից այդքան էլ հիմնավոր չէ։
Մասնագետը վստահ է՝ սա շատ վտանգավոր միտում կարող է լինել․ ցանկացած անձ, որը խոսքի ազատության շրջանակներում կիրառում է ոչ նորմատիվային լեքսիկոն, ոչ պատշաճ բառակապակցություն իր վրդովմունքն արտահայտելու կամ իր կարծիքը բարձրաձայնելու համար, կարող է արժանանալ նման իրավիճակի։
«Միջազգային պրակտիկան հստակ ասում է՝ ցանկացած հանրային ծառայող պետք է պատրաստ լինի, որ իր գործողությունները, անգործությունը կամ կայացրած որոշումները դժգոհություն կարող են առաջացնել տարբեր անձանց մոտ և նրանց նկատմամբ կարող են հնչել տարբեր քննադատություններ, անգամ՝ սուր։ Միայն ծայրաստիճան բարդ, անթույլատրելի, ծայրահեղ խիստ վիրավորական խոսքերը կարող են հանգեցնել պատասխանատվության»,- ասաց Թումասյանը։
Շեշտեց՝ այս համաչափությունը եթե չի պահպանվում, կստացվի, որ յուրաքանչյուր ոք, որն, օրինակ, դժգոհ կլինի իր նկատմամբ կայացված դատական ակտից, կբարձրաձայնի այդ մասին սոցիալական ցանցերում, կարող է քրեական հետապնդման ենթարկվել։
Ինչ վերաբերում է կոնկրետ Ալեքսանդր Կոչուբաևի դեպքին, այսինքն՝ փաստաբանի նկատմամբ կայացված կալանավորման որոշմանը, այստեղ էլ Թումասյանը մի քանի խնդիր է մատնանշում։ Այստեղ պետք է քննարկման առարկա դառնալ նաև այլ անձանց արդարադատության, արդար քննության իրավունքը։ Եթե այլ անձանց արդար քննության իրավունքը որևիցե կերպ տուժելու է, պետք է դիտարկել, թե որքանով է միջին ծանրության հանցագործության համար անձի կալանավորումը համարվում իրավաչափ։ Նրա խոսքով՝ միջազգային փորձը փաստում է, որ փաստաբանների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը և նրանց գործունեության դադարեցումը պետք է լինի ծայրահեղ միջոց (Հիշեցնենք՝ Կոչուբաևն ունի մի քանի 100 վստահորդ - խմբ․)։
Թումասյանը ևս մի հանգամանք հիշատակեց․ պարզվում է՝ Ալեքսանդր Կոչուբաևը նաև գիտությամբ է զբաղվում, բազմաթիվ հոդվածների հեղինակ է, հիմա էլ թեկնածուական աշխատանքն է պատրաստել, որը մոտ ամսից պետք է պաշտպանության ներկայացվի։ Հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտնող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով բարձրագույն կրթության տեսակներն են ոչ միայն բակալավրիատը, մագիստրատուրան, այլև դոկտորանտուրան։ Սա նշանակում է, որ Կոչուբաևի՝ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը նրա բարձրագույն կրթության 3-րդ մակարդակին ուղղված քայլ է, իսկ կալանավորումը կարող է սահմանափակել նրա կրթության սահմանադրական իրավունքը։
Հավելենք, որ Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումից հետո անժամկետ գործադուլ են հայտարարել նրա գործընկեր, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, փաստաբան Ռոման Երիցյանը։ Մի շարք փաստաբաններ, այդ թվում՝ Տիգրան Աթանեսյանը փաստաբաններին կոչ է արել համընդհանուր գործադուլ անել՝ որպես բողոքի նշան։ Հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը՝ շեշտելով, որ քննում է Կոչուբաևի նկատմամբ նախաձեռնված վարույթի իրավաչափությունը։
Արձագանքել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով, որ անթույլատրելի է համարում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի համար քրեական պատասխնատվության ենթարկելու տրամաբանությունը։