ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի իրավաչափությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՓՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուսումնասիրվում է նաև վարույթն իրականացնող մարմինների ձեռնարկած միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը:
«Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է փաստաբանի պաշտպանական թիմի հետ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների հարցի քննարկում»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Այսօր հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։