Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան

Փաստաբան Աբգար Պողոսյաննը Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կատրվածը ռեպրեսիա է որակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդությունն արդեն ներկայացվել է դատարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպաններից Աբգար Պողոսյանը։
«Սակայն մակագրությունը դեռևս չկա։ Լինելուց հետո պետք է կապվեն մեզ հետ, որպեսզի ստանանք վարույթի նյութերը»,- ասաց Պողոսյանը` չբացառելով, որ նիստը կկայանա այսօր։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը շարունակում է գտնվել ազատազրկված, փաստաբանը ենթադրում է՝ դատարանի՝ բանտարկյալների համար նախատեսված խցում։
«Փաստաթղթերին ծանոթանալու մեծ բան չկա, քանի որ անձը քննադատական խոսք է ասել, ու որևէ քրեորեն պատժելի արարք չէ։ Համացանցում տարածված կադրերից երևում է նաև ձերբակալության ձևը, ու ամենը խոսում է նրա մասին, որ սա ռեպրեսիա է։ Հետևաբար, որևէ իրավագիտություն փնտրելն ու ակնկալելը կարծում եմ մանկամտություն կլինի»,- նշեց Աբգար Պողոսյանը։
Նախնական տեղեկություններով ` գործը կքննվի Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ալեքսանդր Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
ԱԱԾ–ն Կոչուբաևին բերման է ենթարկել այսօր Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։