ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իր կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայաստանյաց առաքելական եկեղեցու թղթերի մեջ որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի անձն ու եկեղեցին, կամ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Հայոց պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել և գնացել։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, եկեղեցին փլուզվե՞լ է դրանից հետո։ Նախկինում Հայաստանում եղել են դեպքեր, երբ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ հայ եկեղեցու դեմ հայտարարություններին հաջորդել է հերթական հարձակումը եկեղեցու դեմ։
Լրագրողը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ հարձակումները ևս «խաղաղության գործընթացի» մաս են։
Ինչ վերաբերում է համընկնումներին, վարչապետի խոսքով՝ իր այսօրվա ճեպազրույցն էլ կարող է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ համընկնել։
Լրագրողներից մյուսն էլ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ Ամենայն հայոց կաթողիկոսին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին ուղղված վարչապետի հայտարարությունները համընկնում են իրավապահ մարմինների գործողությունների հետ։
«Այն քննադատությունները, որ հնչեցրել եմ, դրանց նմանվող քննադատություններ հնչեցրել եմ դեռ 1995թ․-ից, միգուցե ավելի վաղ ժամանակից։ Ես բացառում եմ, որ էն գործընթացները, որոնք տեղի են ունենում և որոնց մասին հայտարարվում է, դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը պնդում է, թե ինքը ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություններ ունի, և չի կարծում, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։
Փաշինյանի խոսքով՝ երեկ լուրերից է իմացել, թե Արագածոտնի թեմում կատարված ձերբակալությունների և խուզարկությունների հիմքն այն է, որ եղել է հանցագործության մասին հաղորդում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Երրորդ ձերբակալվածը առաջնորդարանի հաշվապահն է, որի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։