Մկրտիչ սրբազանի կալանավորման որոշումն ապօրինի է. փաստաբանները փաստարկներ են բերում

Պռոշյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու, գույք հափշտակելու և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Կենտրոն վարչական շրջանի դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, աննպատակահարմար է համարել այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ և տնային կալանք կիրառել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա հետ տեսակցությունները։ Բացառություն է մայրը։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ պաշտպանական կողմը միանշանակ բողոքարկելու է որոշումը Վերաքննիչ դատարանում։ Նա կարծում է, որ դատական ակտը անօրինական է։
Սարգսյանը նշեց, որ եպիսկոպոսին մեղսագրվող գործողություններից մեկը կատարման պահին հանցագործություն չի համարվել, մասնավորապես, դա վերաբերում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելուն: Միայն 2022 թվականին են նման գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքում արձանագրվել որպես հանցագործություն։
«Մենք այդ մասին մանրամասն խոսել ենք, բայց նրանք կույր են, խուլ ու համր այնքան ժամանակ, քանի դեռ կան կոնկրետ ցուցումներ»,– ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հավաքներին մասնակցելու պարտադրանքին, ապա փաստաբանի խոսքով՝ քննությունը չի կարողացել ապացուցել որևէ պարտադրանքի առկայությունը:
Փաստաբան Արա Զոհրաբյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերը նշված հոդվածներից երկուսը ենթադրում են իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառում. մասնավոր անձանց դա չի վերաբերում, այլ միայն պաշտոնյաներին։
«Այսինքն, այդ հոդվածներն ընդհանրապես եպիսկոպոսին չեն վերաբերում»,– նշեց Զոհրաբյանը:
Փաստաբանը փոխանցեց նաև եպիսկոպոսի վերջին խոսքերը՝ կալանքի հարցի քննարկման ժամանակ:
«Նա ասաց` ես գիտեմ, որ դուք բոլորդ գիտեք, թե ինչ եք անելու: Եպիսկոպոսը նաև ասաց, որ լավատես չէ և նշեց` դուք բոլորդ այսօր տուն կգնաք, իսկ ես՝ ոչ։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և առանց միջադեպերի տուն հասնեք»,– տեղեկացրեց փաստաբանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։